ԱԱԾ. Սյունիքի մարզում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:
«Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։–0–