ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Կողմ քվեարկեց հինգ պատգամավոր, դեմ՝ երեք։
Հարցը կներառվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։
Նշենք, որ կանոնակարգը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է օգոստոսի 30–ին։
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլի մասին
Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:
Սահմանի մյուս հատվածներում սահմանազատման նախկին սկզբունքի պահպանման մասին
Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի ձևավորման մասին
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում երկու կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։
Մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Այս հիմնական սկզբունքը կարձանագրվի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծում: Այս փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 30-ին։