Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԱԺ–ն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

01.04.2021, 21:29
Նախագծին «կողմ» քվեարկեց 82 պատգամավոր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը
ԱԺ–ն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին «կողմ» քվեարկեց 82 պատգամավոր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանում հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա հայտարարեց, որ ապրիլի 20–ին հրաժարական կտա, բայց չի պատրաստվում որևէ տեղ գնալ և կմնա որպես վարչապետի պաշտոնակատար`ընտրությունների կազմակերպման և անցկացման համար։

Երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի համահեղինակ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նրանց ներկայացվելէ նախագծի փոխված տարբերակը, որից հանվել են կորոնավիրուսի հետ կապված բոլոր փոփոխությունները։

«Նախագծից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների առաջարկները: Նախագահի աշխատակազմի մեր գործընկերների կողմից արդեն իսկ մեզ տեղեկացվել է, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում: Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք», – ասաց նա։

Հովակիմյանը նաև նշեց, որ նախագիծը հիմա ամբողջությամբ վերաբերում է տարածքային ռեյտինգային ցուցակները հանելուն։

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ է նախագծին: Նա նաև նշել էր, որ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված:

«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանել ռեյտինգային համակարգն ու վերադարձնել համամասնական ընտրական համակարգը։ Բացի այդ, փոփոխություններով առաջարկվել է սահմանել նոր անցումային շեմ կուսակցությունների և դաշինքների համար, կուսակցությունների համար` 4%, երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`8%, երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար` 9%, չորս և ավել կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`10%։

Փոփոխություններով նախատեսվում է հանել հետընտրական կոալիցիաների ձևավորման գործընթացում մասնակցող կուսակցությունների թվի սահմանափակումն ու երկարացնել ժամկետը, որը նախատեսվում է կոալիցիաներ ձևավորելու համար։ Առաջարկվում է խորհրդարանում ներկայացված ուժերի քանակը ներկա երեքից դարձնել չորս։ Կկրճատվի նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը` մինչև 7,5 մլն դրամ, կուսակցական դաշինքների համար այն կկրկնապատկվի` մինչև 15 մլն դրամ։–0–