Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ադրբեջանի նախագահն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունը

14.03.2019, 15:28
Ալիևն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունը։
Ադրբեջանի նախագահն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևն անընդունելի է համարում ՀՀ կառավարության փորձերը, որոնք ուղղված են հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելուն, հաղորդում է «Ինտերֆաքս–Ադրբեջանը»։

«ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը։ Դա անընդունելի է և հակամարտության բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», – հայտարարել է Ալիևը հինգշաբթի Բաքվում։

Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս դեմ են բանակցությունների ձևաչափի փոփոխությանը։

Ալիևը նաև նշել է, որ «ստատուս–քվոն անընդունելի է, ինչը բազմիցս նշվել է միջազգային հանրության և հակամարտության կարգավորման միջնորդների կողմից»։

Ալիևը նաև հայտարարել է, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ընդունված սկզբունքների շրջանակում»։

Նախօրեին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և հարկավոր են նոր, իրատեսական առաջարկներ»։

Մարտի 12–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք կամ նախապայման չէ, և բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցն առանցքային նշանակություն ունի։–0–