Ալեն Սիմոնյան․ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանել է այն հարցին, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի Հայաստանից օկուպացնել տարածքներ, հարձակվել։
«Օրինակ, մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին։ Իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր», – ասել է Սիմոնյանն «Ազատությանը» տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։
«Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև», – ասել է Սիմոնյանը։
Լրագրողի արձագանքին, որ խնդիրը չպիտի լուծվեր ռազմական ճանապարհով, Սիմոնյանն ասաց․ «Իհարկե, դրա մասին չի խոսքը։ Այդ խնդիրը և պատերազմը որևիցե ձևով չի կարող արդարացված լինել»։