Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել

01.10.2024, 11:20
Նա նշել է, որ որոշել է միանամ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։

Նա այս մասին գրառում է կատարել Facebook–յան իր էջում։

Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:

Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:

Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:

Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:

Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:

Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔՊ–ում ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով։ 

Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողներին մեկնաբանելով Մինասյանի հրաժարականի պահանջը, նշել էր, որ վերջինս շատ վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել՝ ասելով, որ պատգամավորներից մեկը զբաղվում է խժդժություններով։

Մինասյանը խոսել էր խարդավանքների մասին, ինչի հետևանքով իր տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։

«Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել: Արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է դրա հետ կապված գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը: Կհրավիրենք, եթե պետք լինի, բայց իր հայտարարությունը շատ վտանգավոր է: Նա իրավունք չունի պատգամավորի արած գործողությանը որակավորում տալ: Լավ կլինի, որ պարոն Մինասյանը  նորից ընթերցի Սահմանադրությունը», – ասել էր Քոչարյանը։