Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արմեն Սարգսյանի հրամանագրով, Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։
Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է այսօր։
Մաթևոսյանն այս պաշտոնում փոխարինում է Սուրեն Պապիկյանին, ով օրերս նշանակվեց պաշտպանության նախարար։
Նշենք, որ Մաթևոսյանը զբաղեցրել է Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Ծնվել է 1992թ.–ի նոյեմբերի 18–ին Գյումրիում։ 2009 թվականին ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը։ 2009-2012 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում։ 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետի «Համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն» բաժնում։
Մաթոևսյանը 2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջում՝ որպես միջազգային ուսանողական բաժնի համակարգող։ 2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու։ 2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ 2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ։–0–