Արմեն Գրիգորյան.Ադրբեջանն այսօր գիշերը 12–ից սկսած Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։
Նա նշեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է։ Այն պատրաստո է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ Գորիս–Կապան ճանապարհին գտնվող Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքների համար այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում, որպեսզի դեպի համայնքներ տանող հատվածները բարեկարգվեն։
«Կառավարությունը բոլոր քայլերը ձեռնարկելու է, որ սոցիալական և տնտեսական որևէ խնդիր չառաջանա։ Հստակ է, որ այդ ճանապարհներն այս պահին ասֆալտապատ չեն, բայց մոտ ժամանակներս կասֆալտապատվեն», – ասաց ԱԽ քարտուղարը։–0–