Արմեն Նազարյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետի` սեպտեմբերի 7–ի որոշմամբ, Արմեն Նազարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Արմեն Նազարյանը ծնվել է 1976թ. դեկտեմբերի 27-ին:
1994-2000 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ ֆակուլտետում:
2000-2001 թվականներին սովորել է ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում՝ ստանալով համաճարակաբանի որակավորում:
2001-2004 թվականներին շարունակել է կրթությունը ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնի ասպիրանտուրայում՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` «Համաճարակաբանություն» և «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտություններով:
2004 թվականին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահության տեղեկատվական վիճակագրական կենտրոն»-ում` որպես փոխտնօրեն:
Աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ զիննված ուժերում` 2004-2006 թվականներին զբաղեցրել է զորամիավորման բուժծառայության պետի պաշտոնը, 2006-2013 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ավագ սպա:
2013-2015 թվականներին զբաղեցրել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը: 2015-2017 թվականներին եղել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բուժօգնության կազմակերպման բաժնի պետ, իսկ 2017-2020 թվականներին` ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ:
2020-2021 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության առողջապահական վարչության պետ:
Բժշկական գիտությունների թեկնածու է, ունի բժշկական ծառայության գնդապետի զինվորական կոչում:
Պարգևատրվել է «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» և «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալներով:
Անկուսակցական է, ամուսնացած, ունի 2 զավակ:–0–