Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Աշոտյան. Սերժ Սարգսյանի հանդեպ առաջադրված մեղադրանքը «բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում է»

04.12.2019, 21:20
ՀՀԿ–ն արձագանքել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներին
Աշոտյան. Սերժ Սարգսյանի հանդեպ առաջադրված մեղադրանքը «բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում է»
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀԿ-ն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարում է  բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: Այս մասին ասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տարածած հայտարարության մեջ:

Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցություն յուրացման և վատնման մեջ) նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։

«Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին»,- նշվում է Արմեն Աշոտյան Facebook-յան գրառման մեջ:

ՀՀԿ-ն կարծում է, որ մեղադրանքը «շինծու և անհեթեթ» է, որի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

«Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից»,- ասվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ: 

ՀՀԿ-ն  տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունը դնում է Հայաստանում գործող իշխանությունների վրա և խոստանում այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով: -0-