Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Բակո Սահակյան. Արցախի անկախության միջազգային ճանաչումը եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի առաջնահերթ խնդիրը

12.03.2019, 15:50
«Արցախի անկախության միջազգային ճանաչումը եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի առաջնահերթ խնդիրը», – հայտարարել է Բակո Սահակյանը։
Բակո Սահակյան. Արցախի անկախության միջազգային ճանաչումը եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի առաջնահերթ խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ։

Համատեղ նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: 

«Կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, և այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում», – նշել է Սահակյանը։ 

«Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս ընթացքում մենք միջանկյալ բազմաթիվ և բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով: Մեր ոլորտների, մեր գերատեսչությունների, մեր նախարարությունների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, և այդ հանդիպումների ընթացքում ծնվել է այդ գաղափարը՝ հրավիրելու Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ», – ասել է Արցախի նախագահն` ավելացնելով, որ այս ընթացքում կարևորվել է համազգային օրակարգ ունենալու անհրաժեշտությունը։ 

«Ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը: Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաև այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները», – ընդգծել է Սահակյանը։ 

Նրա խոսքով, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում։ 

«Ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին: Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի մասին: Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին և կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը և կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը», – ասել է Բակո Սահակյանը։ 

Միաժամանակ նա ողջունել է այս նախաձեռնությունը և համոզմունք հայտնել, որ այսօրվա համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելուն:  

Քննարկումների արդյունքում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը և վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։ 

Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում:–0–