Բլինքեն․ սյժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Երկրների միջև խաղաղ պայմանավորվածությունների կյանքի կոչման բացառիկ հնարավորություն կա, ինչի արդյունքում կդադարի տասնամյակներ տևած հակամարտությունը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելքում և արևմուտքում, հարավում և հյուսիսում երկրների միջև կապերի հաստատման համար։ Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա այս հարցում», – մեջբերում է Բլինքենին ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դրան ակտիվորեն ձգտում էր դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին ու Հայաստանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին։
«Եվ ես կարծում եմ, որ հիմա դրան իսկապես հնարավոր է հասնել։ Ե խոսել եմ դրա մասին մոտ մեկ շաբաթ առաջ նախագահ Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա հնարավոր է և լիովին համապատասխանում է նաև Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին»,- հավելել է նա։