Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Դատախազությունը կբողոքարկի Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը

21.06.2020, 19:37
Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
Դատախազությունը կբողոքարկի Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության մերժումը։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակել է դատավոր Ռոբերտ Պապոյանը: Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։

«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, և բազմաթիվ հարցեր եմ ստանում լրագրողներից, ուզում եմ տեղեկացնել, որ ստացել ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել», – գրել է նա Facebook–յան իր էջում։

«Ըստ այդմ՝ նախ՝ ուզում եմ նշել, որ միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածի հետ, այսինքն դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է, այլ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքին», – գրել է Աբրահամյանը։

Նրա խոսքով, դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը:

«Հետևաբար, քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան», – գրել է Աբրահամյանը։

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-