ԵԽԽՎ–ն քննադատել է դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչը` պատրաստակամություն հայտնելով օգնել դատական բարեփոխումների հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության վրա։
Այս մասին նշվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելի (Սլովենիա) հայտարարության մեջ, որն արվել է վարչապետ Փաշինյանի` դատարաններն արգելափակելու կոչի համատեքստում։
Մայիսի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Հանուն անկախ դատարանների» ակցիայի մեկնարկի մասին և կոչ արեց մայիսի 20–ին ժամը 08։30–ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքն ու ելքը` խոստանալով ժամը 12։00–ին հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Մայիսի 20–ին ժամը 08։30–ից ակտիվիստներն արգելափակեցին հանրապետության դատարանների մուտքն ու ելքը։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը, իսկ 13։30–ին կոչ արեց վերացնել դատարանների արգելափակումը։
«Կցանկանայինք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունն օրենքի գերակայության անհրաժեշտ նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական սուբյեկտների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում», – նշվում է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ օրենքի գերակայության ապահովումը պահանջում է անհրաժեշտ ընթացակարգերի պահպանում, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիների պաշտպանության համար` անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանք։
«Սակայն մենք ընդունում ենք, որ տվյալ դատավճռի նկատմամբ հանրության արձագանքն ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք Փաշինյանի ձգտումը դատական համակարգում երկարատև բարեփոխումների հարցում, հատկապես, կոռուպցիայի դեմ պայքարում», – հայտարարել են համազեկուցողները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։
Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։–0–