Եթե այդ քայլերը չանենք, ես երաշխավորում եմ, որ նոր պայթյուն ա լինելու մեր տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Տավուշում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արմավիրի մարզի Մարգարա գյուղում տներից 50 մետր այն կողմ Թուրքիան է և թուրքական զորքն է. մեր նպատակն այդպիսի իրավիճակ ստանալն է: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա։ Մենք ընտեղ առևտուր կանենք, տնտեսություն կկառուցենք, կարող ա մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան–գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը», – ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ 100 տոկոսով չի երաշխավորում, որ այդպես կլինի
«Բայց ես գիտեմ, որ քայլ–քայլ գնալով՝ կգնանք, կհասնենք 90 և ավել տոկոսի։ Բայց եթե այդ քայլերը չանենք, ես երաշխավորում եմ, որ նոր պայթյուն ա լինելու մեր տարածաշրջանում», – ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հիմա չի խոսում տալ–առնելու մասին։
«Մենք խոսում ենք Հայաստանը 100 անգամ ուժեղացնելու մասին։ Էն, ինչ որ մենք հիմա անենք, նշանակում ա, որ Հայաստանը, որպես պետություն, 100 անգամ ավելի ուժեղ է լինելու միջազգային, տարածաշրջանային, տնտեսական, առևտրային առումով։ Բայց մինչև էտ ուժեղության կետին հասնելը ճանապարհ կա։ Այդ ճանապարհին ռիսկ կա, փոսեր կա, պետք է զգույշ լինենք, ուշադիր քայլենք», – ասել է Փաշինյանը։