Եվրահանձնաժողովի նախագահ․ ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին և այսօր այդ խոստումը կատարում է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշել է, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։
«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր և միջին ընկերություններին։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և նշել՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։
«Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, և մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր և արագացնենք իրականացումը», - ասել է Ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին և վերահաստատել՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելել է, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։
«Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշել է նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ և համախոհ գործընկեր այս ջանքերում։
«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։