Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումն Ալմաթիում

13.05.2024, 11:58
Ֆրանսիան կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումն Ալմաթիում
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը, որը տեղի ունեցավ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում։

«Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում քառակողմ հանդիպման շարունակության շրջանակում», – այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը` հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի հայտարարության մեջ ընդունված սկզբունքների վրա և տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները շարունակելու համար։

«Ֆրանսիան նաև կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցություններին։

«Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ։