Ֆրանսիայի նախագահը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը
Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:
Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Նախօրեին հրապարակվել է ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, որտեղ նա կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել կրակը Ղարաբաղում՝ զոհվածների դիերի և գերիների փոխանակման համար: Պուտինը նույնպես հրավիրել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ հոկտեմբերի 9-ին խոհրդակցություն անցկացնելու: -0-