Գեղարքունիքի մարզպետ.անհետ կորած զինծառայողը գտնվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։ ՊՆ–ից նաև հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։
«Ամեն ինչ սկսվել է գիշերը 3.40-ից, երբ փորձել են ներխուժել դիրքերից մեկը,որտեղ էլ զոհեր ենք ունեցել։ Մեր տղաներն այնտեղ պայքարել են, կռիվ են տվել, որի արդյունքում արդեն 3 զոհ ունենք: Մեկն էլ համարվում էր անհետ կորած, հետագայում հայտնաբերվեց վիրավոր վիճակում»,-ասել է Սանոսյանը:
Նրա խոսքով, գտնված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Սանոսյանն ավելացրել է, որ Վերին Շորժայի հատվածում ունենք ևս 3 վիրավոր, որոնց վիճակը բավարար է:
«Սկզբում հարձակումը եղել է Վերին Շորժայի հատվածում, հետո արդեն Սոթքից դեպի լճեր.ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է եղել», – նշել է Գեղարքունիքի մարզպետը:
Սանոսյանի խոսքով՝ Կութ, Ազատ, Նորաբակ հատվածում համեմատաբար հանգիստ է եղել, նաև պարբերաբար անկանոն կրակոցներ են եղել համայնքների ուղղությամբ։
«Մեր զինված ուժերը պաշտպանում են համայնքները, մեր բնակչությանը, երկրի սահմանները, հակառակորդի բոլոր գործողությունները հետ են մղվել, բնագծում փոփոխություն չկա», – նշել է Գեղարքունիքի մարզպետն`ավելացնելով, որ զոհերից մեկը սպա է՝ Գավառից, մյուս երկուսը ժամկետային զինծառայողներ են:
Հարցին, թե ադրբեջանական զորքերի կողմից տեղաշարժ եղե՞լ է, Սանոսյանը պատասխանեց․ «Սկզբում կար որոշակի խնդիր, որը կարգավորվել է, և նորից մեր տղաները դիրքերում են»:
Բնակիչների տարհանման անհրաժեշտություն, ըստ Սանոսյանի, դեռ չկա:
«Իրավիճակից ելնելով՝ կհասկանանք անհրաժեշտություն կլինի, թե ոչ։ Նման խնդիր դեռ չկա, խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստության կա»,- եզրափակեց մարզպետը:-0-