Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, ամենօրյա աշխատանք է իրականացվում այդ ուղղությամբ․ Փաշինյան

31.08.2024, 14:01
Փաշինյանն ընդգծել է, որ ցավալի է տեսնել, որ ռուս գործընկերները, խոսելով եռակողմ հայտարարության մասին, շրջանցում են գերիների հարցը
Գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, ամենօրյա աշխատանք է իրականացվում այդ ուղղությամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ցավալի է տեսնել, որ մեր ռուս գործընկերները, խոսելով եռակողմ հայտարարության մասին, շրջանցում են գերիների հարցը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։ Եվ շատ դեպքերում, երբ մեր ռուս գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների հարցը շրջանցում են», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե ցանկություն կա կարևորելու եռակողմ հայտարարությունները, պետք է առաջին հոդվածից սկսել կարդալ եւ տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել:

«Իհարկե, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է։ Մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է: Երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, դրան նախորդող շրջանում էլի շատ հարցեր էին տրվում, և ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, և դա ամենօրյա է: Շատ երկար տևեց այդ ամեն ինչը, և մարդիկ, երբեմն նաև հուսահատվում են, տպավորություն են ստանում, որ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպիսին չէ»,-ասաց Փաշինյանը: