Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Գորիսի, Կապանի ճանապարհները փակ են, Փաշինյանը վերադառնում է Երևան

21.12.2020, 14:37
Գորիսի, Կապանի ճանապարհները փակ են, Փաշինյանը վերադառնում է Երևան
Գորիսի, Կապանի ճանապարհները փակ են, Փաշինյանը վերադառնում է Երևան

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Սյունիքում, հայտնել է, որ ընդհատում է այցը Սյունիքում ու վերադառնում Երևանում։ 

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։

Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին», – նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ Սյունիքում լարված իրավիճակ է, բազմաթից սյունեցիներ փորձում էին փակել ճանապարհները, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը Սյունիք։

Հավաքվածները վրդովված են, որ օրերս մարզի տարածքում` Որոտան գյուղի և Կապանի օդանավակայանի մոտակայքում, նկատվել են մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ` Ադրբեջանի դրոշով։ Սյունեցիներն ավտոմեքենաներով փակել են Գորիս–Տաթև և Սիսիան–Գորիս մայրուղիների հատվածը։ Ենթադրվում է, որ Փաշինյանի շարասյունը պետք է անցնի այդ ճանապարհով։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–