Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետ. հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ

24.08.2023, 12:20
Նա նշել է, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված
ՀՀ վարչապետ. հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է և Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր Խաչի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով», - նշել է Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ:

«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով: Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»», - նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով, այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա», - նշել է ՀՀ վարչապետը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում:

«Այս համատեքստում, էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլ նաև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան», - նշել է նա՝ կրկին ընդգծելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

«Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները», - եզրափակել է Փաշինյանը:-0-