Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ վարչապետն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը

07.03.2024, 13:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հրաժարականը, որն անցնում է նախաձեռնված քրեական վարույթով
ՀՀ վարչապետն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հրաժարականը, որն անցնում է նախաձեռնված քրեական վարույթով։

«Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք», – ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. «Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»:

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝«Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:

Փետրվարի 15-ին ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են:

Փետրվարի 16–ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
ՀՀ նախագահի մարտի 5–ի հրամանագրով, էկոնոմիկայի նախարար է նշանակվել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։–0–