ՀՀ վարչապետը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ և ծաղիկներ` Անմար կրակի մոտ։
Վարչապետին ուղեկցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն Հայոց Գարեգիկ Երկրորդ Կաթողիկոսը, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, փոխվարչապետները, նախարարներ, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կաթողիկոսը պատարագ մատուցեց Անմար կրակի մոտ։
Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–