Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ

04.07.2019, 13:00
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ։
ՀՀ վարչապետը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների համար: Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ հանդիսանալով մեր երկու երկրները կապող կարևոր կամուրջ: Անցած մեկ տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում: Ժողովրդավարությունը վերահաստատվեց մեր երկրում: Վերացան խոսքի ազատության սահմանափակումները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, որը վճռական քայլեր է ձեռնարկում օրենքի գերակայության հաստատման և ժողովրդավարության նվաճումներն ամրապնդելու ուղղությամբ: Այսօր առաջնային են արդարադատության համակարգի բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Երևանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Այն դարձավ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարելագործել այդ հարաբերությունները և զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և անվտանգության: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, հետագա առաջընթաց և բարօրություն»:–0–