Հայաստանին՝ ռիսկերի նվազեցում, Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերը․ ի՞նչ են այսօր պայմանավորվել ՀՀ–ն ու Ադրբեջանը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը
ՀՀ ԱԳՆ–ի հաղորդմամբ, Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.
- Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
- Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
- Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
- Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
- Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
- Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Վարչապետի աշխատակազմի պարզաբանումը
Ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցմանն այն մասին, թե ինչ է նշանակում Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումից հետո հրապարակված համատեղ հաղորդագրությունն այն մասին, որրնախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը՝ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա։
«Սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման», – նշվում է պարզաբանման մեջ։
Քարտեզների մասին
Այն հարցին, թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը, վարչությունից պարզաբանել են, որ գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:
Որպես կարևոր նրբություն նշվում է այն, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև:
«Կարևոր է նաեւ արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջևւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց», – նշել են վարչությունից։
Արդյոք կա՞ Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմք
«Ոչ: Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով եւ ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետեւ կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, և այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում», – նշել են վարչապետի աշխատակազմից։
Իսկ անկլավ/էքսկլավնե՞րը
«Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաև անկլավ/էքսկլավների հարցին», – նշվում է պարզաբանման մեջ։
Վարչությունից ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է:
«Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը», – ընդգծել են վարչությունից։
Ինչ վերաբերում է Տավուշի չորս գյուղերի հատվածում զինված ուժերի ետ քաշմանը, վարչությունից նշել են, որ դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների:
Ճանապարհների մասին
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հայկական գյուղերը չեն զրկվի ճանապարհներից այս գործընթացի հետևանքով։
«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան», – վստահեցրել են վարչապետի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում։
Անվտանգության մասին
Անդրադառյալով այն հարցին, թե սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին, ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը, վարչությունից նշել են, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ:
«Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան», – պարզաբանել են վարչությունից։
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, ի՞նչ է ստանում Հայաստանը
«Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն», – նշել են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները։