Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ. ԱԽ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Այսօր կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն:
Ստորև ներկայացնում է ԱԽ հայտարարությունն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված:Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:
Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»:-0-