Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին արագացնել սահմանազատման գործընթացը․ ԱԳՆ

16.02.2024, 10:43
Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 2022թ հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը
Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին արագացնել սահմանազատման գործընթացը․ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 2022թ հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը, ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի մեկնաբանության մեջ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը», – ասվում է մեկնաբանության մեջ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ին կառավարության նիստում անդրադարձել էր Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: Վարչապետն ընդգծել էր այն փաստը, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։–0–