Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կբացվի

07.07.2022, 11:58
Հայաստանում կհիմնվի Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն
Հայաստանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կբացվի
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում կհիմնվի Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն, հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ցանկանում եմ նաև գոհունակություն հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ։ Հուսով եմ, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման համար», – նշել է Միրզոյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա նաև հայտնել է, որ Իսպանիան նաև Եվրոպական միության կարևոր պետություններից է և Իսպանիայի ԱԳ նախարարի հետ մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:

«Ես գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի տեսլականը՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», – ընդգծել է Միրզոյանը։

Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին:
Միրզոյանն ու Բուենոն խոսել են Ադրբեջանում ցայսօր պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», – նշել է Միրզոյանը։

Վերջում Միրզոյանը պաշտոնապես հրավիրել է Բուենոյին Հայաստան։–0–