Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն vetting-ի. ՀՀ վարչապետ (ՎԻԴԵՈ)

20.05.2019, 13:20
Փաշինյանը նշել է, որ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան։
Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն vetting-ի. ՀՀ վարչապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկուշաբթի ուղիղ եթերում։

Նա նաև նշել է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: 

«Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին», – նշել է նա` հավելելով, որ հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և «մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»։ 

«Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաևայդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների», – ընդգծել է ՀՀ վարչապետը: 

Նրա խոսքով, այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։  

«Այս ողջ օրակարգը արդեն երկար ժամանակ մենք քննարկում ենք ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, և ես հույս ունեմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին: Այս հարցում մենք պետք է լայնորեն համագործակցենք նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական հանրության հետ: Ուզում եմ ընդգծել, որ իրապես հասունացել է նաև հակակոռուպցիոն պայքարի հստակ, վստահելի և ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը», – նշել է Նիկոլ Փաշինյանը։–0–