Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին

23.05.2023, 14:13
Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ–ի հայտարարությանը, որում կոչ է արվում ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին  դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները
Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ–ի հայտարարությանը, որում կոչ է արվում ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ «Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան», – նշել են Արցախի ԱԺ–ից։

Խոսքն այն մասին է, որ նախօրեին ասուլիս ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Ստորև ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի արձագանքը.

«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել:

Ռոբերտ Քոչարյան
23․05․2023թ․»։–0–