Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հենց նոր ադրբեջանցիներն արգելել են 27 արցախցիների մուտքը Արցախ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում

05.04.2023, 00:38
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը
Հենց նոր ադրբեջանցիներն արգելել են 27 արցախցիների մուտքը Արցախ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Հենց նոր ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելեցին արցախցիների մուտքը Արցախ:

Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նշել է, որ դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:

«Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել», - նշել է նա:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը:

Ներսիսյանը նշել է, որ դեպքի հանգամանքների մասին առավել համոզիչ փաստերը կներկայացվեն ավելի ուշ:-0-