«Ճգնաժամը շարունակվում է». Ծառուկյանն ու Մարուքյանը հանդիպել են ՀՀ վարչապետի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ–ում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25–ին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից և հրավիրել է շահագրգիռ քաղաքական ուժերին` քննարկելու 2021թ.–ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։
Ծառուկյանը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ ինչ հրապարակային ասել է, «վարչապետի երեսին է ասել»։
«Երկրում իրավիճակից միակ ելքը նրա հրաժարականն է, որքան շուտ, այնքան ավելի լավ։ Խորհրդարանական ընտրությունների համար նա չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատար», – ասել է Ծառուկյանը։
Միաժամանակ նա չի ցանկացել պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է այդ հայտարարություններին արձագանքել Փաշինյանը` առաջարկելով այդ հարցի համար դիմել անձամբ նրան։
Էդմոն Մարուքյանն իր հերթին նշել է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԼՀԿ–ի դիրքորոշումը։
«Մենք առաջարկեցինք, որպեսզի վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի ժամանակավոր կառավարություն այն ուժերից, որոնց միջև կա կոնսենսուս վարչապետի թեկնածուի հարցում, կառավարության կազմում ներառվեն մասնագետներ` մարդիկ, որոնք հաջողության են հասել իրենց ոլորտներում, որոնք կկայունացնեն երկրում տիրող անհանգիստ իրավիճակը, և մենք կպատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ ընթացքում, եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է նաև Սահմանադրության փոփոխությունների քննարկում», – ասել է նա։
Մարուքյանի խոսքով, վարչապետն առաջարկեց, որպեսզի նա մնա պաշտոնում, «և այդպես գնանք խորհրդարանական ընտրություններին»։
«Մենք ասացինք, որ դեմ ենք դրանք և հաստատեցինք մեր դիրքորոշումը։ Ես կարող եմ ձևակերպել այսպես` ճգնաժամը շարունակվում է», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե չհաջողվե՞ց հասնել կոնսենսուսի։
Մարուքյանը նաև ընդգծել է, որ առանց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների խորհրդարանը չի կարող լուծարվել։
«Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի լուծարվի», – ասել է նա։
Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միայն մեկ մեխանիզմ` վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ չի ընտրում վարչապետ, ինչից հետո համարվում է լուծարված` իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։–0–