Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը. վարչապետ

04.08.2022, 12:39
Փաշինյանն անդրադարձավ Արցախում վերջին օրերին գրանցված լարված իրավիճակին
Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Արցախում վերջին օրերին գրանցված լարված իրավիճակին։

«Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, 2020 թ-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։

«2020թ-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022թ-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայության խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտում։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե` Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020թ.–ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով» , – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը:

«Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն», – ընդգծեց վարչապետը։
Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ նա նշեց, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

«Իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են 2020 թվականի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծեմների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»,-ասաց Փաշինյանը:–0–