Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՄԻՊ–ն ապացուցել է, որ Սյունիքում ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է (ՖՈՏՈ)

23.08.2021, 15:37
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացուցել է, որ Սյունիքում ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է.ՖՈՏՈ
ՄԻՊ–ն ապացուցել է, որ Սյունիքում ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունն իրական վտանգ է մարդու համար։

«Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում:

Նա նշել է, որ Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնել են այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:

«Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք», – նշել է Թաթոյանը`լուսանկարներով ցույց տալով Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածը, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը:

«Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ: Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ», – նշել է Թաթոյանը։

Նրա խոսքով, իրենք սեփական փորձով համոզվեցին, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է:

«Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին», – նշել է Թաթոյանն` ավելացնելով, որ լուսանկարում Google Earth ծրագրի միջոցով պատկերված է ադրբեջանական տեղակայումը մեր 2 գյուղերի միջև:–0–