Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատից

16.11.2020, 10:48
«Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը հրաժարվել են մանդատից, նրանց կուսակից Թագուհի Թովմասյանը դուրս է եկել խմբակցությունից
Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատից

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը հրաժարվել են մանդատից, նրանց կուսակից Թագուհի Թովմասյանը դուրս է եկել խմբակցությունից։ 

Աշխատանքից ազատվելու մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։ 

Այս մասին հայտնի է դարձել Facebook–ում հրապարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։ 

Նախօրեին երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված», – գրել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Նմանատիպ մտադրության մասին հայտարարել է Բադալյանը. «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է ։ Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին . Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն , ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր , որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը։ Շնորհակալ եմ ըմբռնման համար»։

Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին նշել է, որ առավոտյան կներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։

«Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», – գրել է Թովմասյանը։

 

 
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր Facebook–յան էջում տեղեկացրել է, որ ազատվում է զբաղեցրած պաշտոնից։

«Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ

1-Աշխատանքից ազատման դիմում գրել
2-Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար», – նշել է Սիսերյանը։ 

Երևանում վերջին օրերին անցկացվում են բողոքի մասշտաբային ակցիաներ, որոնք կազմակերպվում են 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել են Փաշինյանի կողմից արցախյան հայտարարության ստորագրման պատճառով, որով նախատեսվում են տարածքային զգալի զիջումներ Ադրբեջանին։–0–