Նաղդալյան. Հայաստանի համար ընդունելի չեն ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
«Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա», – նշել է` պատասխանելով «Կոմերսանտ» թերթի հարցին։
Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
«Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը», – հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ` Նաղդալյանը հայտարարել է, որ 2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին:
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ–ների հայտարարությունների մասին
Ապրիլի 21–ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում ակտիվորեն քննարկվում է փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման նախագիծ, որն առաջարկվել է 2019թ.–ի ապրիլի 15–ին Մոսկվայում։ Լավրովի խոսքով, փաստաթուղթը նախատեսում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ–ի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաարգելափակում։Դրան ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն փոխադարձ զիջումների միջոցով` կարգավիճակի և անվտանգության միջոցների հստակ որոշմամբ։ Նախարարն ընդգծել է, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում։–0–