Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊՆ–ն հայտնում է Ադրբեջանի կողմից տարածվող հերթական ապատեղեկատվության մասին

03.04.2020, 15:17
Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊՆ–ն հայտնում է Ադրբեջանի կողմից տարածվող հերթական ապատեղեկատվության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ 

«ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում։ 

Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։ 

«Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի», – նշել են ՀՀ ՊՆ–ից։ 

Հիշեցնենք, որ մարտի 30–ին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել Տավուշի մարզում։ Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չէր կրել, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում էր ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում։–0–