Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Փաշինյան.ցավալի է, որ հնարավոր չեղավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում

17.10.2023, 15:51
Նա նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը
Փաշինյան.ցավալի է, որ հնարավոր չեղավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ցավալի է, չափազանց ցավալի, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի և առանձին երկրների խորհրդարանների բանաձևերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդարանը բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղում մոտալուտ էթնիկ զտումների մասին, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին՝ ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որևէ գործնական արդյունք չունեցան և, ահա, Լեռնային Ղարաբաղը այլևս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը Լեռնային Ղարաբաղից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել», – ընդգծել է նա։

Նա նշել է, որ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները:

« Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը», – նշել է Փաշինյանը։–0–