Փաշինյան․ եթե ՀՀ ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, նա կիրականացնի դա

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եթե ՀՀ ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, նա կիրականացնի դա, հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ժողովրդի պահանջով, արդյոք, հնարավոր է վարչապետի հրաժարականը։
«Ընդդիմությունն ԱԺ ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել։ Ես, ինչքան հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ հանձնաժողովում գլխադասային քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել։ Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, ես էսօր առավոտից դահլիճում էի, չլսեցի, որ ընդդիմությունն ինչ-որ բան պնդեր, բյուջեի կատարողականն էր քննարկվում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու են ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացված Դեմիրճյան–Բաղրամյան խաչմերուկում։
«ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի, պետք է նաև քաղաքացիների, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,- նշեց նա:
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով կառավարության հրաժարականի հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:
Դրան ի պատասխան՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ րաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30։ Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։
Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց իր աջակիցներին հունիսի 12–ին ժամը 15։00–ին մեծ թվերով հավաքվել Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ հունիսի 10–ից շարժման աջակիցներն արգելափակել են երթևեկությունը։ Գալստանյանը հայտնեց, որ կարևոր և ծանր գործ ունեն անելու։