Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Փաշինյան. իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը

14.09.2023, 12:17
Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով: Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է
Փաշինյան. իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծայրահեղ ծանր իրավիճակին, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը:

Նա նշել է, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված:

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով: Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է», – նշել է վարչապետը:

Նրա խոսքով, նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել: Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում:

«Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումներն ապահովելու համար: Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք՝ ներգրավվել նման երկխոսության մեջ: Տեղեկացնեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները», – ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար:

«Եվ այսօր, նաև այս իմաստով, հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ, ինչպես ասացի, կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները», – նշել է Փաշինյանը։–0–