Փաշինյան․ մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը։
«Մենք եկել ենք մի տեղ, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին: Սա շատ կարեւոր փուլ է ու, որպես կուսակցություն, պետք է շատ ակտիվ լինենք: Պարզ է, որ դա շատռ ցավոտ հարց է, եւ դա ուրիշի տունը չի, իմ տունն է: Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ մենք ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի հարց չենք լուծու: Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում։ Ու մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է», – ասել է Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպմանը, որից մի հատված հրապարակվել է նրա Facebook–յան էջում։
Ապրիլի 20-ին Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որոնք տարածվել են նաև այլ մարզերում և Երևանում։ Դրանց մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղիներ և բողոքի պաստառներ կախում կամուրջներին ու ճանապարհներին։ Ոստիկանությունը պարբերաբար ուժ է կիրառում և բերման է ենթարկում ցուցարարներին։
Փորձագիտական հանրությունը և ընդդիմությունը հայտարարում են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող պետական սահմանի սահմանազատման գործընթացի բացասական հետևանքների մասին՝ այն որակելով որպես միակողմանի զիջումներ։ Կառավարության պաշտոնյաները, ընդհակառակը, ձեռքբերում են համարում այն, որ Ադրբեջանը ճանաչեց Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ասում են, որ այս գործընթացի արդյունքը պետք է լինի խաղաղության պայմանագիրը Երևանի և Բաքվի միջև:
Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին
Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն։