Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Փաշինյան. փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին (ՎՒԴԵՈ)

26.11.2021, 20:38
Փաշինյանը հայտարարել է, որ առկա է նաև ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը.ՎԻԴԵՈ
Փաշինյան. փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին (ՎՒԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ այսօր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին:

«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված և դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի և դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է: Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե փաստացի բոլոր կետերը, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, արդեն իրականացվել են: Դուք գիտեք, և դա մենք բազմիցս քննարկել ենք Ձեզ հետ, և ուղիղ, և հեռախոսով, որ առկա է նաև ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը: Դա շատ կարևոր հումանիտար հարց է, և ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել ենք ոչ նրա համար, որպեսզի միայն հնչեցնենք խնդիրները, այլ նաև խոսենք և քննարկենք այն խնդիրները, որոնք առկա են», – հայտարարել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ նաև նշել է, որ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը:

«Բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք այդ հարցերի լուծմամբ: Հույս ունեմ, որ այսօր այս քննարկումները, բոլոր հարցերը մենք կքննարկենք, և Դուք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հիշատակեցիք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, և հենց նոր Ադրբեջանի նախագահը հիշատակեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին, իհարկե, մենք դրանում նույնպես հետաքրքրված ենք»,– ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց կարծում եմ, որ շատ հարցեր կարող ենք և պետք է քննարկել և լուծել եռակողմ ֆորմատով, երկկողմ ֆորմատով:

«Ես պետք է ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև արդեն ուրվագծվում են նաև ուղիղ կապեր և կարծում եմ, որ դա նույնպես պետք է ընդգծել ոչ այնքան լավ և պոզիտիվ նյուանսների ֆոնին: Այդ պոզիտիվ նյուանսները նույնպես պետք է ընդգծել: Եվ ամենակարևորը, ցանկանում եմ կրկնել, կարծում եմ, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ոչ միայն բարձրաձայնել ինչ-որ խնդիրների առկայության և բացակայության մասին, այլ գլխավորն այն է, որ այսօր մենք կարողանանք գալ կոնկրետ կամ որքանով հնարավոր է կոնկրետ որոշումների տարածաշրջանում` Հարավային Կովկասում կայունության համար, քանի որ մեր պատասխանատվությունն է` խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը», – եզրափակել է Փաշինյանը:–0–