Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյան. պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը

31.08.2023, 15:14
Նա ընդգծել է, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է
Փաշինյան. պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, հումանիտար բեռների հասցեագրման առաջնահերթությանը, Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարի առաջ մղման անհրաժեշտությանը:

Նա նշել է, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում` Լաչինի միջանցքի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունն ուղեկցեց մինչև Կոռնիձոր:

«Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այդ քաղաքականության հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից», - նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը:

«Ցեղասպանության և հայերանազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ: Այսուհանդերձ, ինչպես նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով», - նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է: Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել:

«Այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ «երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»», - նշել է Փաշինյանը:

Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումn Ադրբեջանի կողմից այդ երկրի՝ հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկությունն իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումն է:

«Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջանահերթություն և առաջնային խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը Լեռնային Ղարաբաղ, և այս թեմայով մենք կշարունակենք մեր ամենօրյա աշխատանքը», - ընդգծել է Փաշինյանը:-0-