Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանն` Արցախի շրջափակման մասին. Բրյուսելի եռակողմ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց (ՎԻԴԵՈ)

20.07.2023, 12:43
Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելի եռակողմ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց. ՎԻԴԵՈ
Փաշինյանն` Արցախի շրջափակման մասին. Բրյուսելի եռակողմ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
«Քաղաքական առումով Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտոթյունը», – նշեց վարչապետը։

Նրա խոսքով, Հայաստանի համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը Լեռնային Ղարաբաում էթնիկ զտումների իրականացումն է:

«Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեպի Լեռնային Ղարաբաղ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով: Ցավով է պետք ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչև օրս չի կատարվել: Այսուհանդերձ մենք պետք է շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ», – նշեց նա։–0–