Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է լուծարել ԵԱՀԿ ՄԽ–ն, ինչն առաջարկում է Ալիևը

Երեկ, 13:28
Հայաստանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում երկարատեւ կայունություն և խաղաղություն հաստատելու շրջանակում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է լուծարել ԵԱՀԿ ՄԽ–ն, ինչն առաջարկում է Ալիևը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում երկարատեւ կայունություն և խաղաղություն հաստատելու շրջանակում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Facebook–յան իր էջում Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարություններին և տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկին։

ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,

բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը, 

գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է, 

դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաև Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների, 

ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, 

զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, 

է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, 

ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, 

թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա, 

ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,

ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, 

լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:

Ալիևի հայտարարությունների մասին

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական ​​պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության կամ մեր կողմից»:

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրն անհնար է առանց ԵԱՀԿ ՄԽ վերացման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության։