Рейтинг@Mail.ru
USD
396.71
EUR
409.96
RUB
3.9979
GEL
139.81
2025 թ. փետրվարի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի սպառնալիքները․ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել

08.01.2025, 13:39
Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն», նա նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի
Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի սպառնալիքները․ Բաքուն փորձում է  տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Այս մասին «Արմենպրես»–ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարությունները։ 

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մի քանի հայտարարություն է արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ մինչև հունվարի վերջ կկայանա սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը, նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Ալիևը Հայաստանն անվանել է «ֆաշիստական ​​պետություն»՝ նշելով, որ «այդ ֆաշիզմը կոչնչացվի կամ Հայաստանի ղեկավարության կամ մեր կողմից»: Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղություն և համագործակցություն է ցանկանում Հարավային Կովկասում, և «Հայաստանը չպետք է խանգարի մեզ, չպետք է աշխարհաքաղաքական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Ալիևը նաև պահանջել է, որպեսզի Հայաստանը դադարի զինվել, իսկ արդեն մատակարարված զենքը վերադարձնի։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրն անհնար է առանց ԵԱՀԿ ՄԽ վերացման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ 

«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար», – հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանը չի գնալու այս ճանապարհով, հավատարիմ է մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը:

«Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,– ասել է նա։

Անդրադառնալով Ալիևի այն հարցին, թե Հայաստանն իբր ֆաշիստական պետություն է՝ Փաշինյանը պատասխանել է, որ անկասկած հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես:

«Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք։ Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը», – ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել։

«Մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը», – ասել է Փաշինյանը։

Նա չի մեկնաբանել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա։

«Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին», – ասել է Փաշինյանը։

Այս համատեքստում Փաշինյանն ընդգծել է, որ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», – ընդգծել է նա։

Փաշինյանը հաստատել է, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին։

«Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի», – ասել է Փաշինյանը։