Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանը շնորհավորել է Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ՝ մեծապես կարևորում է ԱՄՆ–ի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում

04.07.2024, 11:09
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ
Փաշինյանը շնորհավորել է Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ՝ մեծապես կարևորում է ԱՄՆ–ի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Շնորհավորական ուղերձում ասված է. 

«Մեծարգո նախագահ Բայդեն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն

շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ 

Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում: 

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա: 

Ուրախ եմ արձանագրելու, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում: 

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և վստահություն հայտնել, որ մեր շարունակական ու ամրապնդվող գործընկերությունն այս կարևորագույն ժամանակաշրջանում կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` մեր երկու երկրների և տարածաշրջանի համար: 

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»: