Փաշինյանը զայրացավ ոչ կահավորված սահմանների մասին հարցից

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի ոչ ամուր ռազմական դիրքերի մասին հարցին։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ինչ է արվում Հայաստանի սահմաններում, հատկապես` Սյունիքում և Գեղարքունիքում, դիրքերն ամրապնդելու համար։ Նա նշեց, որ պատերազմից կես տարի է անցել, բայց մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ և մեր անվտանգությունը «մեղմ ասած գտնվում է մտահոգիչ վիճակում»։
«Մինչև վերջնական դեմարկացիան, դելիմիտացիան ի՞նչ է սպասվում մեզ, ինչու՞ չունենք կահավորված առաջնագիծ», – հարց ուղղեց Թովմասյանը Փաշինյանին։
«Հաճախ, երբ լսում եմ մեր հանրային դիսկուրսը, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի», – ասաց Փաշինյանը` պատասխանելով պատգամավորի հարցին։
Նա նշեց, որ մինչև պատերազմը երկրում կային անձինք, ովքեր հայտարարում էին, որ եթե լինեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեղը, աա հիմա կհարձակվեին Հայաստանի վրա և անգամ նշում էին ուղղությունները։
«Խնդրում եմ հաջորդ անգամ քարտեզներով հրապարակեք, օրինակ՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղ չարժի հարձակվել: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ընդհանրապես», – զայրացավ Փաշինյանը։
Թովմասյանը, սակայն, հակադարձեց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է և ինքն իր հարցով ռազմական գաղտնիք չի բացահայտում:
«Ինձ պարզապես հետաքրքիր է, թե ինչու է մեր պաշտպանական համակարգը նման վիճակում։ Ես մտահոգված եմ նաև այն պատճառով, որ Ադրբեջանն ուղղակիորեն տեսնում է մեր հագեցվածությունը, պաշտպանությունը, մեր զինվորների հագուստը, քանի որ շատ տեղերում նրանք կանգնած են միմյանց առաջ։ Եվ ինձ հետաքրքիր է` ինչու մեր առաջնագիծը հագեցված չէ», – ասաց Թովմասյանը։
«Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի», - նշեց Փաշինյանը:–0–