Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

22.11.2024, 23:30
Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների աղմկահարույց հրաժարականներին
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես, թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են, բայց պարտադիր չէ, որ դրանք կապվեն կոնկրետ անձանց հետ։ Այս մասին Հանրայինի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս վեց պաշտոնյաների հրաժարականներին։

Փաշինյանի խոսքով՝ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված։

«Ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխություններն իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային։ Մեր բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում՝ իրենց պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում, բոլորն իրենց էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման հարցում»,-ասաց նա։

Մյուս կողմից, Փաշինյանի գնահատմամբ, ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք 2018 թվականից են բարձրացվել, և ունեին արդյունավետ հասցեագրման կարիք։

«Բոլոր գործընկերները, ովքեր թողել են իրենց պաշտոնները, նրանք բոլորը՝ առանց բացառության, համակարգային փոփոխություններ են արել։ Օրինակ՝ ՆԳՆ-ն, ոստիկանությունն այսօր վստահաբար այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020թ, նույնը Հակակոռուպցիոն կոմիտեի մասին կարող ենք ասել, Քննչական կոմիտեն ահռելի համակարգային և կադրային փոփոխություններ է ապրել»,-նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով պաշտոնյաների հրաժարականներին՝ Փաշինյանը հավելեց, որ անհրաժեշտություն կար համակարգի թերությունների մեջ խորանալու։

«Պետական կառավարման համակարգում գալիս է մի պահ, երբ փոփոխությունները բերող ղեկավարները X պահից դառնում են համակարգի մաս՝ նույն տեմպով շարունակելը հնարավոր չի դառնում: Արտահայտություն կա՝ հայացքի սրությունը կարող է կորել»,-ասաց Փաշինյանը։